ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«ՉՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՄԱՆԳԱՂԻ ԿԱՄ ԳԵՐԱՆԴՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

«ՉՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՄԱՆԳԱՂԻ ԿԱՄ ԳԵՐԱՆԴՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԸ»
16.12.2011 | 00:00

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-ՀԱԿ-ը հայտարարել է, թե փետրվար-մարտ ամիսներին ժողովրդի ճնշման արդյունքում հասնելու են իշխանափոխության։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
-Արդեն քանիերորդ անգամ մարդիկ քաղաքական տեխնոլոգիա են իրականացնում։ Այդպիսի իրավիճակ լինելու համար նախ և առաջ անհրաժեշտ է համապատասխան պահանջ, ինչն այսօր չկա։ Ավելին, կրիտիկական մասսան, որը դա պիտի իրագործի, նույնպես չկա։
-Սակայն ընդդիմությունը մշտապես նշում է, որ կա և՛ կրիտիկական զանգված, և՛ ժողովրդական ճնշում։
-Որ ժողովուրդը նման պահանջ ներկայացնի, պիտի լինեն տնտեսական-սոցիալական նախապայմաններ։ Իհարկե, չեմ հերքում, որ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա։
-Նախընտրական հայաստանյան գարունն ի՞նչ է խոստանում, մեծ ցնցումներ կլինե՞ն։
-Կարծում եմ, որ բուռն դրսևորումներ կլինեն։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հնարավորությունները, զինանոցը կօգտագործի։ Մեր կուսակցության և երկրի ղեկավարը հանձնարարել է ընտրությունները կազմակերպել ու անցկացնել թափանցիկ, գործունեությունը դարձնել հրապարակային, արդյունքները` քիչ վիճահարույց։ Իհարկե, կլինեն ուժեր, որոնք դժգոհ կմնան։
-Խոսակցություններ կան, թե ՀՀԿ շտաբն արդեն սկսել է իր աշխատանքները։ Այդպե՞ս է։
-Չկա այդպիսի բան։ Պարզապես երկու անգամ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որը շատ նորմալ է։ Քաղաքական մեծագույն գործիչներից մեկը ժամանակին ասել է` պետական գործիչները զբաղված են ժողովրդի հոգսերը հոգալով, իսկ կուսակցությունները` ընտրություններից հետո հաջորդին պատրաստվելով։
-Խնդիրն այն է, որ տվյալ պարագայում պետական ու կուսակցական գործիչները նույն մարդիկ են։
-Բոլորովին այդպես չէ։ Իշխանությունը միայն մեր կուսակցությունը չէ։ Այնտեղ են նաև կոալիցիոն մյուս երկու ուժերի ներկայացուցիչները։
-Դոմինանտը ՀՀԿ-ն է։
-Բայց մենք բարի կամք, չէ՞, դրսևորեցինք ու մյուս երկու ուժերի հետ կոալիցիա կազմեցինք, որպեսզի արդյունավետ իրականացնենք կառավարումը։
-Տեսակետ կա, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներում ավագ սերունդն իր տեղը կզիջի երիտասարդներին։ Ծա՞նր կտանեք, եթե Ձեր տեղում հայտնվի երիտասարդ ՀՀԿ-ական։
-Դրանք, նախ, խոսակցություններ են։ Բոլոր ընտրությունների ժամանակ սերնդափոխությունը շատ բնական եմ համարում։ Իմ տարիքի մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ խելացի, վերլուծական միտք ունեցող երիտասարդներին դաստիարակեն որպես լուրջ քաղաքական գործիչներ։
-Այսինքն, պատրա՞ստ եք Ձեր տեղը զիջելու։
-Եթե կուսակցությունը որոշի, որ ես այլևս պատգամավոր չպետք է լինեմ, շատ նորմալ կտանեմ։ Դրանում որևէ ողբերգություն չեմ տեսնում։ Բայց սա չի նշանակում, որ պետք է գործի մանգաղի կամ գերանդու սկզբունքը։ Ավագ սերնդից մարդիկ են մնում, որոնք պետք է իրենց փորձը փոխանցեն կրտսեր սերնդին։ Նրանց մեջ ովքե՞ր կլինեն, կորոշի միայն կուսակցությունը։ Ի՞նչ է, հո պատգամավոր լինելը հավերժ չէ՞։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ